Ընտրությունը քոնն է՝ կենդանի աշխա՞րհ, թե՞ իրականության պատրանք
Բնասեր էկոակումբցիների ստեղծարար ջանքերով կայացավ «Կենսաբազմազանություն․ մեր կյանքի հիմքը» մրցույթը։
Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ բնապահպանական կրթության ծրագրի թիմը, Ասիական զարգացման բանկի աջակցությամբ, Armenia Tree Project-ի էկոակումբների համար հայտարարել էր մրցույթ, որին մասնակցում էին բոլոր այն աշակերտները, որոնք գիտեն բնության արժեքը, սրտացավ են ու պատրաստ են դրականորեն փոխել շրջակա միջավայրը։
Աշակերտները ուսումնասիրել էին կենսաբազմազանության թեման և փորձել արվեստի ու ստեղծարար լուծումների միջոցով փոխանցել իրենց մտահոգությունն ու առաջարկել բնապահպանական լուծումներ։
Մրցույթի կարևոր պայմանն էր ստեղծագործել ինքնուրույն՝ առանց արհեստական բանականության գործիքների կիրառման։
Տարբեր մարզերի ATP էկոակումբներից ընտրվել էր 31 աշխատանք՝ պաստառներ, կոլաժներ, թափոններից պատրաստված կիրառելի առարկաներ․․․ որոնք ինքնատիպ էին ու ասելիքը փոխանցող։
Յուրաքանչյուր աշխատանքում իրական կյանքի արտացոլումն էր՝ բնական աղետներից մինչև մարդածին։ Ինչ կլինի, եթե խնայենք բնությունը, և հակառակը։
Աշխատանքները գնահատվել են հստակ չափորոշիչներով՝ կենսաբազմազանության գաղափարի ազդեցիկ փոխանցում, յուրահատուկ մոտեցում, նյութերի բազմազանություն և նորարարություն։
Մրցույթի արդյունքում ընտրվեց չորս աշխատանք՝
- ՀՀ կենսաբազմազանությունը ներկայացնող քարտեզը,
- թափոններից պատրաստված էկոաղբամանը,
- թափոններից պատրաստված՝ Կարմիր գրքում գրանցված հայկական իշխանը,
- կանաչ կազմով «Կարմիր գիրքը»։
Այս մրցույթը ևս մեկ հնարավորություն էր երեխաների համար նախ ձևակերպելու և վերանայելու սեփական վերաբերմունքը բնության հանդեպ, հետո նաև հավաքվելու մի միջավայրում, որտեղ կարելի է կիսվել սեփական փորձառությամբ, ընդլայնել ու ամրապնդել էկոակումբային կապերը։
