Armenia Tree Project-ը հայտարարում է ղեկավարության փոփոխության մասին
Երևան, Հայաստան
Ջինմարի Փափելյանը, որ երկար տարիներ զբաղեցնում էր Armenia Tree Project-ի գործադիր տնօրենի պաշտոնը, թոշակի կանցնի 2025 թվականի դեկտեմբերի 31-ից։ Նրան կփոխարինի Արա Բարսամը։ Նա կղեկավարի կազմակերպության գործունեությունը Երևանի գրասենյակից՝ 2025 թվականի հուլիսի 1-ից։
1994 թվականին Բոստոնում գործող ակտիվիստ Քերոլին Մուգարի և նրա ամուսնու՝ Ջոն Օ’ Քոնորի, հիմնադրած ATP-ն վերջին 30 տարիների ընթացքում դարձել է Հայաստանի առաջատար բնապահպանական կազմակերպություններից մեկը։ Այս ընթացքում ATP-ն տնկել է 9 միլիոն ծառ, հիմնել՝ ավելի քան 1,600 հեկտար նոր անտառներ, կանաչապատել 1,900 համայնքային տարածք, բնապահպանական կրթություն տրամադրել տասնյակ հազարավոր աշակերտների Հայաստանում և ԱՄՆ-ում, ստեղծել եկամտի աղբյուրներ գյուղական համայնքների բնակիչների համար, աջակցել Արցախից տեղահանված ընտանիքներին։ Մի շարք նոր ծրագրեր իրականացման փուլում են։
Հայաստանում ATP-ն ունի մշտական 80 աշխատակից։ Կազմակերպությունը ղեկավարում է չորս տնկարան, երկու բնապահպանական կրթական կենտրոն և կենտրոնական գրասենյակ Երևանում։ Մինչև այժմ գործադիր տնօրենի պաշտոնը տեղակայված էր Բոստոնում։ Բացի գործադիր տնօրենից, ԱՄՆ-ում ATP-ն ունի վեց աշխատակից, որոնք զբաղվում են սփյուռքահայ աջակիցների հետ կապերով և կազմակերպության զարգացման աշխատանքներով։
Ջինմարի Փափելյանը միացել է ATP-ին 2015 թվականին։ Նա թողել էր իրավաբանի երկարամյա գործունեությունը՝ իր ներուժը նվիրելով Հայաստանին և գլոբալ շրջակա միջավայրին աջակցելու առաքելությանը։ Հիշում է, թե ինչպես է միացել ATP-ին՝ կազմակերպության գործունեության 20-րդ տարում․
«Երկու տասնամյակի փորձառությունից և աճից հետո ATP-ն պատրաստ էր անցնելու հաջորդ փուլ՝ ստանձնելու առաջնորդի դեր։ Մեր առջև կանգնած էին մեծ մարտահրավերներ և հնարավորություններ։ Մենք ցանկանում էինք կարևոր դեր ունենալ Հայաստանի անտառածածկույթը մինչև 2050 թվականը կրկնապատկելու ջանքերում, ինչպես նաև անհրաժեշտ էին ավելի շատ ռեսուրսներ և, ի վերջո, կարևոր էր ղեկավարությունը տեղափոխել Հայաստան։ Վերջին 10 տարիների ընթացքում մենք մեծ փոփոխություններ ենք իրականացրել, և այսօր ATP-ն Հայաստանի անտառային ոլորտի առաջատար կազմակերպություններից է։ Այժմ մենք տարեկան տնկում ենք մեկ միլիոն ծառ նոր անտառներում՝ գրեթե հինգ անգամ ավելի, քան 2015 թվականին, և ապահովում ենք կպչողականության միջազգային չափանիշները գերազանցող ցուցանիշներ»։
Փափելյանի խոսքով՝ այս հաջողությունը հնարավոր է դարձել ATP մասնագիտական թիմի, ինչպես նաև ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների մեջ կատարված ներդրումների շնորհիվ, որոնք իրականացվել են կազմակերպության աջակիցների ջանքերով։ 2015 թվականից ի վեր ATP-ն կառուցել է չորրորդ տնկարանը, վեց ջերմոց և երկու պատվաստման կենտրոն, ինչպես նաև ձեռք բերել սերմերի փորձարկման սարքավորումներ։ Ներկայումս նախատեսվում է նաև Մարգահովիտում գտնվող Միրաք տնկարանում կառուցել սերմերի փորձարկման և պահպանման ժամանակակից կենտրոն՝ ATP-ի լայնածավալ անտառապատման ծրագրերին աջակցելու և բույսերի բարձր կպչողականություն ապահովելու նպատակով։
Քերոլին Մուգարը բարձր է գնահատել Ջինմարի Փափելյանի տասնամյա առաջնորդությունը․
«Մենք խորապես երախտապարտ ենք այն նվիրումի և հանձնառության համար, որով գործել է Ջինմարին թե՛ Հայաստանում, թե՛ Սփյուռքում։ Մասնագետների ներգրավումը, կազմակերպության թիմի առաջնորդումը, ինչպես նաև մեր աջակիցներին Հայաստանի հետ ավելի ամուր կապելու հնարավորություններ ստեղծելը նրա ներդրումների միայն մի մասն են։ Մենք ուրախ կլինենք շարունակելու համագործակցությունը նրա հետ նաև ապագայում»։
Գործադիր տնօրենի պաշտոնը Հայաստան տեղափոխելու որոշումը կայացվել է համավարակի ընթացքում տեղի ունեցած քննարկումների արդյունքում։ ATP խորհրդի նախագահ և նախկին գործադիր տնօրեն Թոմ Գարաբեդյանը հիշում է 2019 թվականի Global Forest Summit-ից հետո ձևավորված պատկերացումը․
«Պարզ դարձավ, որ ATP-ի ապագան էապես տարբերվելու է անցյալից։ Ջինմարին առաջարկեց կազմակերպության ղեկավարումը իրականացնել Հայաստանում, որտեղ արվում է մեր աշխատանքի հիմնական մասը և որտեղ գտնվում են մեր մասնագետները։ Մենք սկսեցինք ռեսուրսների և մասնագիտական թիմերի աստիճանական տեղափոխումը ԱՄՆ-ից Հայաստան։ Այս անցումն այժմ շարունակվում է Արա Բարսամի նշանակմամբ»։
ԱՄՆ աշխատակազմը կշարունակի կապերի ամրապնդումը և դրամահավաքի աշխատանքները՝ Բոստոնի տարածքային գրասենյակը դարձնելով ԱՄՆ գործողությունների կենտրոնը։
Արա Բարսամը Մասաչուսեթս նահանգից է և կայուն զարգացման ոլորտի առաջնորդ է՝ ավելի քան 20 տարվա փորձով։ Նա ղեկավարել և մշակել է բարձր ազդեցություն ունեցող ծրագրեր ավելի քան 25 երկրներում։ ATP-ին միանալու նրա մոտիվացիան կազմակերպության առաքելությունն է և դրա կարևորությունը Հայաստանի ապագայի համար՝ որպես կլիմայական դիմակայունության, համայնքային բարեկեցության և Հայաստանի յուրահատուկ ժառանգության պահպանման հիմնասյուն։
Նախկինում Արա Բարսամը զբաղեցրել է Children of Armenia Fund-ի գլոբալ գործադիր տնօրենի պաշտոնը, որտեղ ղեկավարել է Հայաստանի գյուղական համայնքների տնտեսական և երիտասարդական զարգացման ծրագրերը։ Նա նաև եղել է Արիզոնայի պետական համալսարանի դեկանի օգնականը և Global Education ոլորտի առաջադեմ հետազոտությունների կենտրոնի հիմնադիր տնօրենը։ Kenan Foundation Asia-ում աշխատելու ընթացքում նա ղեկավարել է 30 միլիոն դոլար արժողությամբ Thailand Partnership Initiative ծրագիրը՝ ուղղված Թաիլանդի արագ զարգացմանը։
2004-2008 թվականներին Արա Բարսամն աշխատել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակում, որտեղ արժանացել է «Գովելի ծառայության պատվո մրցանակ»-ի և Բենջամին Ֆրանկլինի անվան մրցանակի։
Արա Բարսամը Marshall Scholar-ի և Fulbright Fellow-ի դափնեկիր է։ Նա Թաֆթս համալսարանից գերազանցությամբ ստացել է բակալավրի աստիճան, ինչպես նաև փիլիսոփայության մագիստրոսի և դոկտորի աստիճաններ՝ Օքսֆորդի համալսարանից։ Ներկայումս նա բնակվում է Երևանում՝ իր կնոջ, երեք երեխաների և շան հետ։
Ինչպես ինքն է գնահատում՝ Հայաստանում ապրում է իր լավագույն կյանքը։
