Hy NA

Hy NA

Armenia Tree Project-ը միանում է 1% for the Planet գլոբալ նախաձեռնությանը

Armenia Tree Project-ը միանում է 1% for the Planet գլոբալ նախաձեռնությանը Ուրախությամբ հայտնում ենք, որ Armenia Tree Project-ը (ATP) դարձել է 1% for the Planet գլոբալ ցանցի պաշտոնական բնապահպանական գործընկերը։ Այս հարթակը միավորում է կազմակերպությունների, որոնք իրական և չափելի ազդեցությամբ նպաստում են շրջակա միջավայրի պահպանությանը։ 1% for the Planet-ը կապում է բիզնես ընկերություններին և բնապահպանական կազմակերպություններին պարզ, բայց ազդեցիկ գաղափարի շուրջ․ անդամները պարտավորվում են իրենց տարեկան եկամտի առնվազն 1%-ը ուղղել շրջակա միջավայրի պահպանության ոլորտում գործող, մանրակրկիտ ընտրված կազմակերպություններին։ Այս կերպ աջակցությունը հասնում է իրական արդյունքներ գրանցող գործընկերներին՝ վստահություն ներշնչելով թե՛ դոնորներին, թե՛ համայնքներին։ Այս հեղինակավոր ցանցի մաս դառնալը ևս մեկ անգամ ընդգծում է ATP-ի ազդեցությունը և կազմակերպության հանդեպ վստահությունը։ Ցանցի միջոցով մենք ստեղծում ենք նոր կապեր համաշխարհային այնպիսի համայնքի հետ, որը միավորված է բնության հանդեպ հոգատարության և պատասխանատվության ամուր թելերով։ Ավելի քան 30 տարի ATP-ն Հայաստանում աճեցնում և տնկում է տեղական ծառատեսակներ ու թփեր, վերականգնում է էկոհամակարգը, զարգացնում բնապահպանական կրթությունը և սերտորեն համագործակցում համայնքների հետ։ Այս գործընկերությունը ոչ միայն ամրապնդում է մեր հանձնառությունը, այլև բացում է նոր հնարավորություններ՝ ընդլայնելու մեր գործունեության շրջանակն ու ազդեցությունը։ Բացահայտեք, թե ինչպես է ATP-ն փոխակերպում Հայաստանի բնապատկերներն ու համայնքները, և միացեք մեզ՝ աջակցելով այս կարևոր առաքելությանը։

Hy NA

ATP Երիտասարդական գագաթնաժողով 2025

ATP Երիտասարդական գագաթնաժողով 2025   Ամեն տարի Armenia Tree Project-ը իր Էկո-ակումբների ծրագրի ուսանողներին համախմբում է Երիտասարդական գագաթնաժողովով։ Երևանում և մարզերի դպրոցներում գործում է ATP 44 էկոակումբ, որոնց 2025 թվականին ավելացան ևս 6 նոր ակումբներ։ Երիտասարդական գագաթնաժողովը այն հարթակն է, որտեղ այս ուսանողները հավաքվում են՝ ներկայացնելու իրենց աշխատանքները և փոխանակելու գաղափարներ։ Այս տարի 6 մարզային և 1 երևանյան դպրոցների աշակերտները ներկայացրեցին այն նախագծերը, որոնք ձևավորվել են ամիսների փորձառությամբ․ Դդմաշենի միջնակարգ դպրոցը ուսումնասիրել է հողի որակը և ներկայացրել գործնական խորհուրդներ ընտանիքներին։ Երևանի թիվ 116 դպրոցը վերափոխել է նկուղը՝ ստեղծելով Micro Hub EcoLab, որտեղ աճեցնում են սունկ և ուսումնասիրում փոքրածավալ ձեռներեցության կանոնները։ Վանաձորի թիվ 24 միջնակարգ դպրոցը ստեղծել է թռչնաբներով կանաչ տարածք, հատուկ նախատեսված փոքր երեխաների համար։ Մելիքգյուղում աշակերտները ուսումնասիրել են տեղական խոտաբույսերը և պատրաստել բուսական թեյեր։ Ամբերդի միջնակարգ դպրոցը ներկայացրել է «Մեղուն՝ բնության փոքրիկ պահապանը» նախագիծը։ Գետաշենի միջնակարգ դպրոցը ստեղծել է դեկորատիվ այգի՝ դպրոցական միջավայրը բարելավելու նպատակով։ Տարվա ընթացքում ATP-ն աջակցում է աշակերտներին՝ այցելությունների բնապահպանական կրթական կենտրոններ, ամառային ճամբարների և էկո-ակումբների շարունակական գործունեության միջոցով։ Ուսուցիչները նույնպես մասնակցում են ATP-ի «Ուսուցիչների վերապատրաստման» ծրագրին՝ օգնելով կապել դասարանային գիտելիքը իրական կյանքի հետ։ Շատ աշակերտներ նշում են, որ իրենց մոտիվացիան աճում է ինչպես ATP-ի աջակցությունից, այնպես էլ ուսուցիչների խրախուսանքից։ «Ամենակարևորը սովորողների անկեղծությունն է, երբ նրանք հասկանում են անելիքի նպատակը, դրանում հոգի են դնում։ Բնապահպանական կրթությունը ձևավորում է նրանց հուզական աշխարհը, և այդ էներգիան տարածվում է ամբողջ դպրոցում։ Այս ծրագրերը ոգեշնչում են նաև ուսուցիչներին՝ օգնելով բացահայտել այն ուսանողներին, որոնց ներուժը միշտ չէ, որ երևում է ընթացիկ դասերի ժամանակ», — նկատում է կրթության փորձագետ և ժյուրիի անդամ Հռիփսիմե Խանզադյանը։ Սամվել Մարտիրոսյանը հավելում է․ «Միգուցե հեռավոր ապագայում, երբ մարդիկ հետ նայեն մեր ժամանակաշրջանին, ասեն, որ այս սերունդը գործել է պատասխանատու՝ ի տարբերություն նախորդ սերունդների, որոնք հաճախ օգտագործել են հողն ու բնությունը՝ առանց վաղվա մասին մտածելու»։ Ինչպե՞ս է աշխատում Էկո-ակումբի ծրագիրը Աշակերտները ողջ տարվա ընթացքում աշխատում են դպրոցական էկո-ակումբներում՝ վերապատրաստված ուսուցիչների և ATP մասնագետների աջակցությամբ։ Նախագծերը գործնական են, տեղային կարիքներին ուղղված և նախատեսված են բնապահպանական գիտելիքը գործողության վերածելու համար։ Ո՞վ կարող է մասնակցել Ծրագիրը բաց է Երևանի և մարզերի դպրոցների համար։ Մասնակցությունը կազմակերպվում է դպրոցների միջոցով, որտեղ ուսուցիչները հանդես են գալիս որպես էկո-ակումբների համակարգողներ։ Ինչպե՞ս կարող է դպրոցը միանալ Հետաքրքրված դպրոցները կարող են կապ հաստատել Armenia Tree Project-ի հետ՝ ծանոթանալու մասնակցության պայմաններին, ժամկետներին և աջակցության հնարավորություններին։ Արդյո՞ք կա մասնակցության վճար ATP-ն տրամադրում է կրթական աջակցություն, վերապատրաստում և ռեսուրսներ՝ որպես Բնապահպանական կրթության ծրագրի մաս։ ATP-ն աշխատում է դպրոցների հետ՝ ապահովելու ծրագրի հասանելիությունը։ Աջակցե՛ք բնապահպանական կրթությանը — օգնեք Էկո-ակումբներին տարածվել Հայաստանում։ https://armeniatreeproject.app.neoncrm.com/forms/donate

Hy NA

Հայկազունյաց հայկական դպրոց․ սովորել և հոգ տանել

Հայկազունյաց հայկական դպրոց․ սովորել և հոգ տանել   Ծառ տնկել՝ նշանակում է հավատալ ապագային։ Armenia Tree Project-ում մենք հաճախ ենք կրկնում այս միտքը։ Իսկ Haykazunyadz Armenian School-ը այս սկզբունքով ապրում է ամեն օր, արդեն ավելի քան տասը տարի։ Մեր գործակցությունը սկսվել է «Building Bridges» ծրագրով, որի շրջանակում աշակերտները ոչ միայն ստանում են բնապահպանական կրթություն, այլև Հայաստանում մասնակցում են ծառատնկման աշխատանքներին։ Սկզբում փոքր նախաձեռնություն էր, սակայն ժամանակի ընթացքում այն դարձավ դպրոցի առօրյայի մի մասը։ Երեխաները հասկանում են, որ հայոց լեզուն ու պատմությունը սովորելը հայկական ինքնության միայն մի կողմն է․ ոչ պակաս կարևոր է նաև հայրենիքի մասին հոգ տանելը։ Դպրոցի տնօրեն Սաթենիկ Տեր-Գրիգորյանը առանցքային դեր ունի այս մտածողության ձևավորման հարցում։ Նա խրախուսում է երեխաներին հարգել բնությունը ոչ միայն խոսքով, այլև գործով։ Դասերի, ինչպես նաև հիշարժան բնագիտական արշավների միջոցով նա ցույց է տալիս, որ շրջակա միջավայրի պահպանությունը յուրաքանչյուրիս պատասխանատվություն է։ Հայկազունյացի դրամահավաք նախաձեռնությունները միշտ առանձնանում են ստեղծարարությամբ և ներգրավվածությամբ։ Հիշարժան միջոցառումներից մեկի ընթացքում ուսուցիչներն ու աշակերտները դարձան «կայանատեղիի հսկիչներ»՝ բարեկամական «տուգանքներ» բաժանելով ծնողներին, որոնք մոռացել էին անվտանգության կանոնները։ Հավաքված գումարն ուղղվեց Հայաստանում ծառատնկմանը։ Միջոցառումը զվարճալի էր, իսկ պատգամը՝ պարզ ու կարևոր․ հոգ տանելը մարդկանց և հայրենիքի մասին, նույն արժեքի երկու դրսևորումներ։ Դպրոցը խրախուսում է նաև ավելի լուռ, բայց խորիմաստ նվիրատվության ձևեր։ Ծաղիկների կամ նվերների փոխարեն ընտանիքները կարող են ուսուցիչներին շնորհակալություն հայտնել՝ Հայաստանում ծառ տնկելով։ Յուրաքանչյուր ծառ դառնում է երախտագիտության և կապի կենդանի խորհրդանիշ։ Հայկազունյացի համար Հայաստանին օգնելը առանձին նախաձեռնություն չէ, այլ կյանքի բնական մաս։ Տարեցտարի աշակերտները, ուսուցիչներն ու ընտանիքները միավորվում են այս գաղափարի շուրջ՝ երեխաներին փոխանցելով կարևոր ուղերձ․ հայ լինել նշանակում է հոգ տանել։ Մեծ է նաև Armenia Tree Project-ի թիմի ներդրումը, այդ թվում՝ Արևմտյան ափի ծրագրերի պատասխանատու Անահիտի և մյուս գործընկերների, ովքեր ոգեշնչում են երեխաներին ավելի խոր կապ ստեղծել Հայաստանի և բնության հետ։ Նվիրաբերե՛ք այսօր․ յուրաքանչյուր նվեր օգնում է, որ Հայաստանն ունենա ոչ միայն ծառեր, այլև ապագայի հույս ու պատասխանատու սերունդ։

Hy NA

Շիրակ․ Պեմզաշեն

Շիրակ․ Պեմզաշեն   59 հա նոր ծնվող անտառ ATP նոր մարտահրավերն է՝ ստեղծել անտառ ՀՀ-ի ամենաբարդ կլիմայական գոտիներից մեկում Նախաձեռնել են համայնքի բնակիչները, ոգեշնչվել են հարևան համայնքում՝ Լեռնակերտում, տնկվող անտառի գաղափարից։ Դիմել են համայնքապետին, նա էլ ATP-ին։ Համայնքի հետ ընտրվել է հողատարածքը՝ 59 հա, ուսումնասիրվել է կլիման, հողի որակը, ընտրվել են ծառատեսակները։ Աշխատանքներն, ինչպես և մյուս բոլոր համայքների անտառտնկման ծրագրերում, արվում են բացառապես տեղացիների ջանքերով։ Բայց, ինչպես և գրեթե բոլոր համայնքներում, առաջին տարվա աշխատանքներին ներգրավվում են միայն ամենահամարձակները, կասկածներն ու անորոշությունը մի կողմ են դնում ու գալիս։ «Ես Պեմզաշենից եմ, իմ գյուղից մենակ ես եմ, մյուսները կողքի գյուղից են՝ Մեծ Սարիարից, ասեցին էսպիսի գործ կա, ասեցի՝ գամ, անեմ։ Ես հողի գործին սովոր եմ»,- ասում է Վարդան Թերզյանը։ Հետո արդեն ավելի հեշտ է, ամեն համարձակ իր հետ բերում է 5-6 համագյուղացի, մեկը մեկին լսելով, աշխատած գումարը հաշվելով, որոշում են՝ արտագնա աշխատանքից լավ է։ «Իհարկե ավելի լավ է մնամ գյուղում, գամ, աշխատեմ, երեկոյան էլ գնամ ու լինեմ ընտանիքիս, երեխաներիս հետ»,- ասում է երեք երեխաների հայր Ռազմիկ Զաքարյանը։ «Արդեն 3 տարի է չեմ գնում Ռուսաստան։ Որ գիտեմ՝ այստեղ աշխատանք կա, ինչի գնամ։ Տարվա մեջ երեք անգամ գործ եմ ունենում», – ավելացնում է Մեծ Սարիարի բնակիչ Հայկ Զաքարյանը։ Առաջին փուլում ամբողջ տարածքը ցանկապատել են, ամրացրել փշալարերով, կենդանիներից պաշտպանելու համար։ Հիմա երկրորդ փուլն է․ տնկում են։ Սկսել են սոճիների ու կեչիների տնկումով, ATP մասնագիտական որոշումն է, այս ծառատեսակները երկարակյաց են, դիմացկուն։ Անտառ են բերվում ATP տնկարաններից։ Սերմից աճեցվել են, դարձել տնկի։ Արդեն ինքնուրույն մեծանալու ժամանակն է։ Այս աշնանը մոտ 40․000 ծառ կտնկվի այս տարածքում։ 3-րդ փուլում՝ գարնանատունկին, ծառատեսակներ կավելացվեն՝ հացենի, խնձորենի, տանձենի և այլ հայկական դիմացկուն տեսակներ։ Անտառն ամբողջական կարող է դառնալ մեր բոլորի ջանքերի շնորհիվ։ Միանալով այս կարևոր գործին, մենք յուրաքանչյուրս կզարգացնենք Հայաստանի բնությունը, կօգնենք մեր հայրենակիցներին մնալ ու շենացնել իրենց համայնքը։ Ինչպես և մյուս մարզերում, այստեղ էլ տեղացիները կունենան զբաղվածություն, եկամուտ և, որ ամենակարևորն է՝ նոր անտառ, որն իրենց ձեռքերով է ստեղծվել։

Scroll to Top