Անտառներ. Ստեղծում և վերականգնում
Անտառների ստեղծումը Armenia Tree Project-ի առաքելությունն է։ Մենք դրանց ստեղծման և վերականգնման հիմքում կարևորում ենք տեղական համայնքներին աջակցությունը և շրջակա միջավայրի երկարաժամկետ պահպանությունը։
2025 թվականին Անտառվերականգնման ծրագրի թիմը հասավ կարևոր արդյունքի: Թիմի ջանքերով մեկ տարվա ընթացքում 250 հեկտար տարածքում՝ Լոռու, Շիրակի և Կոտայքի մարզերի ինը համայնքներում, տնկվեց 1,000,050 ծառ։ Այս հաջողության հիմքում մեր տնկարաններում աշխատող մարդկանց տարիների նվիրված աշխատանքն է և յուրաքանչյուր տարածքի մանրակրկիտ պլանավորումը: Տարածքներն ընտրվել են համայնքների հետ տարված աշխատանքների արդյունքում: Իսկ անտառ ձևավորող յուրաքանչյուր ծառ աճեցվել է սերմից՝ Armenia Tree Project-ի տնկարաններում:
Քաղաքային կանաչապատում
Քաղաքային կանաչապատում ծրագիրը միայն ծառ տնկելը չէ։ Այն համայնքների ամրապնդման, բնապահպանական պատասխանատվության ձևավորման և Հայաստանի տարբեր համայնքներում կայուն կանաչ ենթակառուցվածքներ ստեղծելու մեր ճանապարհն է։
Հանրային տարածքների կանաչապատման միջոցով Armenia Tree Project-ը նպաստում է էկոլոգիական դիմակայունության բարձրացմանը, հանրային առողջության և բարեկեցության բարելավմանը, ինչպես նաև մարդկանց ու նրանց տեղական միջավայրի հետ կապերի ամրապնդմանը։
Որքան շատ է hամայնքի մասնակցությունը, այնքան մեծ է պատասխանատվությունը բնակավայրի, հայրենիքի հանդեպ։ Այդպես է ձևավորվում սրտացավ վերաբերմունքը բնության ու համայնքի սեփականության հանդեպ։
Տնկարաններ
Առողջ անտառներն ու համայնքային կենսունակ կանաչ տարածքները սկսվում են առողջ և դիմացկուն ծառերից։ Մեր տնկարաններն աշխատում են այս սկզբունքով ու համոզմունքով։
ATP թիմերի համար սկզբունքային է, որ յուրաքանչյուր տնկվող ծառ աճեցվի և խնամվի մեծ ուշադրությամբ, որպեսզի այն կարողանա հաջողությամբ զարգանալ Հայաստանին հատուկ բնական պայմաններում։
Բնապահպանական կրթություն
ATP «Բնապահպանական կրթություն» ծրագիրը Հայաստանում ձևավորում է երկարատև բնապահպանական պատասխանատվություն՝ սովորողներին, ուսուցիչներին և համայնքներին զինելով գործնական գիտելիքներով, կիրառական հմտություններով և բնական միջավայրի հանդեպ պատասխանատվության զգացումով։
Քանի դեռ բնապահպանական մարտահրավերներն աճում են, ավելի ու ավելի է մեծանում գործնական ուսուցման անհրաժեշտությունը՝ ազգային կրթական ծրագրին զուգահեռ։ ATP «Բնապահպանական կրթություն» ծրագիրը արձագանքում է այս կարիքին՝ լրացնելով դպրոցական ծրագրերը փորձարարական ուսուցման հնարավորություններով։
Հատուկ նախագծեր
Հայաստանն աշխարհին կներկայանա իր բացառիկ կենսաբազմազանությամբ
COP 17 Համաժողովը Հայաստանը կդարձնի գլոբալ կենսաբազմազանության քննարկումների կենտրոն
Այս աշնանը 25,000 մասնակից ավելի քան 50 երկրներից կհավաքվեն Հայաստանում՝ քննարկելու, թե ինչպես կարելի է պահպանել և վերականգնել էկոհամակարգերը։
COP17-ի տարում ATP-ն կաջակցի ազգային ջանքերին՝ բարձրացնելով կենսաբազմազանության վերաբերյալ իրազեկվածությունը և խրախուսելով հանրային մասնակցությունը բնապահպանական նախաձեռնություններին։ Համաժողովի շրջանակներում կկազմակերպվեն․
Հայաստանի Տեղական Երիտասարդական Համաժողով (LCOY)
Վավերագրական ֆիլմերի մրցույթ ու փառատոն
Մուգ կանաչ զրույցներ
Կենսաբազմազան կրթություն
Learn More
Մուսալեռ․ էկոլոգիական վերականգնում և մշակութային նորոգում
Մուսալեռան հերոսամարտի հուշարձանը պարզապես թանգարան չէ։ Այն մեր հիշողության, դիմադրության և շարունակականության խորհրդանիշն է։ Եվ մեր նպատակն է ստեղծել ամբողջական և ներդաշնակ մի միջավայր, որտեղ բնական համակարգերն ու մշակութային հիշողությունը համատեղ կգոյակցեն և կփոխլրացնեն միմյանց։
Տարիներ շարունակ այստեղ իրականացված ծառատունկերից հետո մենք մտնում ենք նոր փուլ՝ ամբողջական վերափոխման նախագծով։
Մոտ 7 հեկտար(to be checked), տարածքում պիտի հաղթահարվեն բնապահպանական մարտահրավերները՝
- վերականգնել հողը,
- զարգացնել կենսաբազմազանությունը
- ձևավորել մտածված, կենդանի լանդշաֆտ։
Նախագծի նպատակն է միաձուլել բնությունն ու պատմությունը, հիշողության արմատների միջոցով ստեղծել նոր կյանք ու նոր շունչ։
Learn More
Երևանը կունենա մի նոր վայր, որտեղ կմիահյուսվեն հայկական մշակույթն ու բնական ժառանգությունը։
Armenia Tree Project-ը, Մատենադարանը և AHA collective-ը հանձն են առել ստեղծելու կոնցեպտուալ նոր այգի, որը կլինի թանգարանի շարունակությունը բնության մեջ։ Կստեղծվի արևելյան և հայկական պարտեզներին հատուկ անաղմուկ մի միջավայր՝ ի հակակշիռ քաղաքի թոհուբոհի:
Միջնադարյան մագաղաթներից, պատմության էջերից գաղտնազերծված բուսատեսակներն իրենց կյանքը կշարունակեն բնության մեջ՝ ապահովելով այգու կենսաբազմանությունը, միմյանց կապելով ձեռագրերի բովանդակությունն ու բնությունը։
Այգու կանաչապատման մեջ կօգտագործվեն հայկական, պատմական բնաշխարհին հատուկ բույսերը, որոնք այցելուների համար կդառնան ուսումնասիրման նյութ։ Այգին կունենա նաև կրթական բաղադրիչ, ուսումնական նորարարական մեթոդներով, մշակութային միջոցառումների անցկացման գոտևորմամբ։
Learn More
Ծիծեռնակաբերդի շուրջ տարածվող 120 հեկտարը նախատեսվում է վերածել ոչ միայն կանաչ տարածքի, այլև հիշողություն և կյանք խորհրդանշող քաղաքային անտառի։
Նախաձեռնելով այս պատասխանատու ու ծավալուն նախագիծը, ATP-ն նպատակ ունի նոր շունչ հաղորդելու համայն հայության համար հիշատակի այս կարևորագույն վայրին՝ ընդլայնելով այցելուի ճանապարհը դեպի հիշողության ու պատմության ծառուղիներ, ջրավազան, հնագիտական գոտիներ, որոնք միավորվելով կձևավորեն կենսաբազմազանությամբ հարուստ քաղաքային անտառ։։
Ընդհանուր տարածքից մոտ 30 հեկտարը՝ գործող պուրակի տարածքը, կվերականգնվի և կբարելավվի, մնացած հատվածը կանտառապատվի՝ ձևավորելով նոր էկոլոգիական շերտ ամբողջ տարածքում։
Այս վերափոխումը ոչ միայն խորհրդանշական կլինի, այլև կունենա կարևոր բնապահպանական նշանակություն։ Նախագծի ավարտից հետո յուրաքանչյուր երևանցու համար այն կապահովի մոտավորապես 1 քմ լրացուցիչ կանաչ տարածք՝ զգալիորեն բարելավելով մայրաքաղաքի միկրոկլիման և օդի որակը, ամրացնելով՝ դիմակայունությունը։
Learn More