Բնապահպանական կրթություն
2004 թ-ին ATP ԲՀ-ն մեկնարկեց իր բնապահպանական կրթության ծրագիրը: Այդ օրից ի վեր համագործակցում է Հայաստանի 750-ից ավելի ուսումնական հաստատությունների հետ։ Ավելի քան 110,000 աշակերտ և մեծահասակ մասնակցել են մեր կրթական դասընթացներին, մոտ 1,850 ուսուցիչ վերապատրաստվել է կազմակերպության դասընթացավարների ստեղծած ձեռնարկներով։
Բնապահպանական կրթության ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանում կրթել բնապահպանների մի նոր սերունդ, որը կպահպանի շրջակա միջավայրը (այդ թվում՝ կխնամի կազմակերպության տնկած ծառերը), իրազեկված կլինի մի շարք բնապահպանական խնդիրների մասին, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունն ու ճգնաժամը, անատառահատումներն ու անապատացումը, ջրային ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարումը, կենսաբազմազանության կորուստը, թափոնների կառավարումն ու վերամշակումը և այլն:
Ծրագիրն ամեն տարի ընդլայնում է իր ընդգրկումը՝ տարածելով իր փորձը բնապահպանական կրթության ոլորտում և բարձրացնելով իրազեկվածությունը Հայաստանի բոլոր մարզերի աշակերտների և երիտասարդների շրջանում:
Հիմնադրամի բնապահպանական կրթություն ծրագիրը ներառում է մի քանի հիմնական ուղղություններ
- Կազմակերպությունն ունի երկու ուսումնական կենտրոն․ մեկը՝ Արագածոտնի մարզի Կարին համայնքում, մյուսը՝ Լոռու մարզի Մարգահովիտ համայնքում։ Այս կենտրոնները տարեկան հյուրընկալում են մինչև 6 000 աշակերտի, ուսուցչի, այցելուների, որոնց հետ իրականացվում են տեսական և գործնական բնապահպանական դասընթացներ, շրջայցեր կենտրոնի և հարակից տնկարանների տարածքում։ Այս դասընթացներն իրենց ձևաչափով և մեթոդաբանությամբ հետաքրքիր և տարբերվող փորձառություն են ապահովում դպրոցական աշակերտների համար՝ ձևավորելով բնապահպանական թեմաների նկատմամբ հետաքրքրություն։
- Կազմակերպությունը մրցութային հիմունքներով ՀՀ հանրակրթական դպրոցներում հիմնում է էկոակումբներ։ Էկոակումբը մեկ տարվա ընթացքում իրականացվող ծրագիր է։ Այն սկսվում է համակարգող ուսուցիչների վերապատրաստմամբ, որի շրջանակում նրանք ստանում են ինչպես բնապահպանական գիտելիքներ, այնպես էլ իրենց աշակերտներին ուղղորդելու հմտություններ։ Դրանից հետո սկսվում է Էկոակումբի հիմնական անդամների հետ աշխատանքը․ յուրաքանչյուր դպրոցում ձևավորել բնապահպանական հետաքրքրություններ և մոտիվացիա ունեցող աշակերտների 25–30 հոգանոց խումբ։ Սկզբում մեր բնապահպանական կրթության (ԲԿ) դասընթացավարները այցելում են դպրոցներ՝ բնապահպանական թեմաներով գիտելիքներ փոխանցելու, ինչպես նաև առաջնորդության, թիմային աշխատանքի և նախագծեր գրելու կարողությունների զարգացման դասընթացներ անցկացնելու համար։ Սա օգնում է աշակերտներին ոչ միայն հասկանալ բնապահպանական խնդիրները, այլև կազմակերպվել և հանդես գալ որպես առաջնորդներ։ Այս ամբողջ ընթացքում էկոակումբը մտորում է դպրոցում/համայնքում առկա բնապահպանական խնդիրների մասին, որ որպես էկոակումբի գործունեության հիմնական նպատակ որևէ ծրագիր իրականացնի դպրոցում/համայնքում այդ խնդիրները լուծելու համար։ Դպրոցում տեսական դասընթացների փուլից հետո Էկոակումբի աշակերտները գալիս են մեր կրթական կենտրոններ՝ գործնական ուսուցման։ Ուսուցման ամբողջ ընթացքում էկոակումբի անդամները ստանում են առաջադրանքներ և գնահատականներ իրենց աշխատանքի համար։ Ամենաակտիվ և նախաձեռնող աշակերտները ընտրվում են մասնակցելու Մարգահովիտում անցկացվող Էկո ճամբարին։ Ճամբարը նրանց հնարավորություն է տալիս ավելի սերտ աշխատել դասընթացավարների հետ՝ վերջնականացնելու իրենց էկոակումբի ծրագրի առաջարկը և աշխատելու այն փաթեթավորելու ուղղությամբ։ Հաջորդիվ արդեն էկոակումբի անդամները միասին՝ «Էյ Թի Փի»-ի աջակցությամբ, սկսում են իրականացնել իրենց նախագծած ծրագիրը։ Էկոակումբների տարեկան ծրագիրը եզրափակվում է յուրաքանչյուր տարվա դեկտեմբերին կազմակերպվող Երիտասարդական գագաթնաժողովով, որտեղ բոլոր Էկոակումբները ներկայացնում են իրենց նախագծերը։ Տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը գնահատում է նախագծերը և շնորհում մրցանակներ տարբեր անվանակարգերում։ Գագաթնաժողովը նաև հնարավորություն է մեր գործընկերների համար՝ ծանոթանալու աշակերտների աշխատանքին, երբեմն էլ՝ ապահովելու հետագա աջակցություն և ֆինանսավորում։
«Էյ Թի Փի»-ն մինչև օրս հիմնադրել է 44 էկոակումբ։
- Հանրապետության բոլոր 11 մարզերում կազմակերպում է Բնապահպանական կրթական թեմաներով ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ։
- Ստեղծում և հրապարակում է ուսումնական նյութեր «Էյ Թի Փի»-ի դասընթացավարների ջանքերով։
- Կազմակերպում է Էկոճամբարներ Մարգահովտի ուսումնական կենտրոնում, որի շրջանակներում ճամբարային բոլոր օրերը նվիրված են բնապահպանական տարբեր խնդիրների ուսումնասիրությանն ու բացահայտմանը, գործնական աշխատանքներին, ինտերակտիվ բնապահպանական խաղերին և հանձնարարություններին։
- Շարժական լաբորատորիա ծրագրով կազմակերպում է այցեր հեռավոր և սահմանամերձ համայնքներ։ Հատուկ կահավորված մեքենայով մեր դասընթացավարներն այցելում են հեռավոր դպրոցներ և հենց դպրոցի բակում իրականացնում ինտերակտիվ դասընթացներ։