Շիրակ․ Պեմզաշեն
59 հա նոր ծնվող անտառ
ATP նոր մարտահրավերն է՝ ստեղծել անտառ ՀՀ-ի ամենաբարդ կլիմայական գոտիներից մեկում
Նախաձեռնել են համայնքի բնակիչները, ոգեշնչվել են հարևան համայնքում՝ Լեռնակերտում, տնկվող անտառի գաղափարից։ Դիմել են համայնքապետին, նա էլ ATP-ին։ Համայնքի հետ ընտրվել է հողատարածքը՝ 59 հա, ուսումնասիրվել է կլիման, հողի որակը, ընտրվել են ծառատեսակները։ Աշխատանքներն, ինչպես և մյուս բոլոր համայքների անտառտնկման ծրագրերում, արվում են բացառապես տեղացիների ջանքերով։
Բայց, ինչպես և գրեթե բոլոր համայնքներում, առաջին տարվա աշխատանքներին ներգրավվում են միայն ամենահամարձակները, կասկածներն ու անորոշությունը մի կողմ են դնում ու գալիս։
«Ես Պեմզաշենից եմ, իմ գյուղից մենակ ես եմ, մյուսները կողքի գյուղից են՝ Մեծ Սարիարից, ասեցին էսպիսի գործ կա, ասեցի՝ գամ, անեմ։ Ես հողի գործին սովոր եմ»,- ասում է Վարդան Թերզյանը։
Հետո արդեն ավելի հեշտ է, ամեն համարձակ իր հետ բերում է 5-6 համագյուղացի, մեկը մեկին լսելով, աշխատած գումարը հաշվելով, որոշում են՝ արտագնա աշխատանքից լավ է։
«Իհարկե ավելի լավ է մնամ գյուղում, գամ, աշխատեմ, երեկոյան էլ գնամ ու լինեմ ընտանիքիս, երեխաներիս հետ»,- ասում է երեք երեխաների հայր Ռազմիկ Զաքարյանը։
«Արդեն 3 տարի է չեմ գնում Ռուսաստան։ Որ գիտեմ՝ այստեղ աշխատանք կա, ինչի գնամ։ Տարվա մեջ երեք անգամ գործ եմ ունենում», – ավելացնում է Մեծ Սարիարի բնակիչ Հայկ Զաքարյանը։
Առաջին փուլում ամբողջ տարածքը ցանկապատել են, ամրացրել փշալարերով, կենդանիներից պաշտպանելու համար։
Հիմա երկրորդ փուլն է․ տնկում են։
Սկսել են սոճիների ու կեչիների տնկումով, ATP մասնագիտական որոշումն է, այս ծառատեսակները երկարակյաց են, դիմացկուն։ Անտառ են բերվում ATP տնկարաններից։ Սերմից աճեցվել են, դարձել տնկի։ Արդեն ինքնուրույն մեծանալու ժամանակն է։
Այս աշնանը մոտ 40․000 ծառ կտնկվի այս տարածքում։
3-րդ փուլում՝ գարնանատունկին, ծառատեսակներ կավելացվեն՝ հացենի, խնձորենի, տանձենի և այլ հայկական դիմացկուն տեսակներ։
Անտառն ամբողջական կարող է դառնալ մեր բոլորի ջանքերի շնորհիվ։
Միանալով այս կարևոր գործին, մենք յուրաքանչյուրս կզարգացնենք Հայաստանի բնությունը, կօգնենք մեր հայրենակիցներին մնալ ու շենացնել իրենց համայնքը։
Ինչպես և մյուս մարզերում, այստեղ էլ տեղացիները կունենան զբաղվածություն, եկամուտ և, որ ամենակարևորն է՝ նոր անտառ, որն իրենց ձեռքերով է ստեղծվել։