Անտառներ
Անտառներ․ ստեղծում և վերականգնում
Իր հիմնադրման օրից Armenia Tree Project-ը պայքարում է լայնածավալ անտառահատումների և դրանց հետևանքների դեմ՝ հողի էրոզիա, կենսաբազմազանության կորուստ, մաքուր ջրի պաշարների նվազում և անապատացում, որոնք երկար տարիներ սպառնալիք են Հայաստանի բնաշխարհի համար։
Քանի որ հեռավոր բնակավայրերում ապրող խոցելի համայնքները առավել սուր են զգում կլիմայական փոփոխությունների ազդեցությունը, ATP Անտառային ծրագիրը ներառում է նաև սոցիալ-տնտեսական բաղադրիչ։
ATP-ն հիմնում է անտառներ՝ օգտագործելով սեփական մեծածավալ տնկարաններում աճեցված տնկիները։ Ամեն տնկման սեզոնին՝ գարնանը և աշնանը, մենք ստեղծում ենք սեզոնային մոտ 500 աշխատատեղ՝ ապահովելով եկամտի կարևոր աղբյուր տեղական համայնքների համար։
Մեր անտառային մասնագետները ընտրում են տնկման առավել արդյունավետ վայրերը՝ հաշվի առնելով հողի տեսակը, տեղադիրքը, հողօգտագործման նշանակությունը և համայնքի պատրաստակամությունը ծառերը պահպանելու հարցում։
Անտառների ստեղծման համար մենք օգտագործում ենք տեղական կլիմային համապատասխան բուսատեսակներ, անտառային գոտիները կահավորում կենդանիներից պաշտպանող ցանկապատերով։ Ընթացիկ մշտադիտարկումների և հետևողական խնամքի շնորհիվ մեզ հաջողվում է ապահովել տնկվող բույսերի մինչև 80% կենսունակություն։
Հրանտ Դինքի ՀուշԱնտառ
2007 թվականին ATP-ն նախաձեռնեց հավակնոտ մի նախագիծ՝ տնկել անտառ Լոռու մարզի Ֆիոլետովո գյուղի մոտակայքում: Անտառի գաղափարը կյանքի կոչվեց ի հիշատակ հայ լրագրող Հրանտ Դինքի։ Նա 2007 թվականին սպանվեց Թուրքիայում իր գործունեության, իր հայ լինելու համար: Այս նախագիծը ոչ միայն դարձավ հարգանքի տուրք Դինքի հիշատակին, որը ճշմարտության և իրավունքի մարտիկ էր, այլև դարձավ յուրօրինակ խրախուսանքի օրինակ բնապահպանության ոլորտում:
Վերջին երկու տասնամյակների ընթացքում այստեղ աճել և բարգավաճել են այնպիսի ծառատեսակներ, որոնք կատարում են անտառին բնորոշ բոլոր ֆունկցիաները․ նպաստում են կենսաբազմազանությանը, կանխում հողի էրոզիան և ստեղծում առողջ էկոհամակարգ:
Առաջիկայում ATP-ն անտառի կառավարումը կհանձնի Ֆիոլետովո համայնքին։ Սա կլինի մեծածավալ բնական ռեսուրսների համատեղ կառավարման առաջին համայնքային նախագիծը: ATP թիմերը համայնքին կփոխանցեն անտառի կառավարումը՝ նրա հետ անցնելով անհրաժեշտ բոլոր փուլերը՝ իրականացնելով կարողությունների զարգացում և դասընթացներ, համայնքի հետ սերտ գործակցությամբ մշակելով կառավարման 10-ամյա պլան:
Հրանտ Դինքի ՀուշԱնտառը իր հիմնադրմամբ ճանաչվեց որպես նորարարական նախագիծ։ Եվ դա եղավ մեծ գործի սկիզբը։
2007 թվականից ի վեր ATP-ն հիմնել է ավելի քան 35 նոր անտառ Հայաստանի տարբեր համայնքներում՝ փոխելով նաև տեղի համայնքային կյանքը և ձևավորելով նոր մոտեցում դեպի բնությունը:
Սոսե և Ալեն հիշատակի անտառ
Սոսե և Ալեն հիշատակի անտառը ATP-ն հիմնել է 2014 թվականին՝ ի հիշատակ երիտասարդ հայ-ամերիկացի զույգի՝ Սոսեի և Ալենի, ովքեր հրաժարվել էին Միացյալ Նահանգներում հարմարավետ կյանքից և տեղափոխվել Հայաստան՝ իրենց ներդրումն ունենալու հայրենիքի ապագան կառուցելու գործում։ Ցավոք, նրանց կյանքը ողբերգականորեն ընդհատեց ավտովթարը։
Նրանց մտերիմ ընկերը՝ Արեգ Մաղաքյանը, այն ժամանակ ATP Երևանյան գրասենյակի տնօրենը, առաջարկեց հիշատակի անտառ հիմնել։
Նուրբ տնկիները տասնմեկ տարի անց 17 հեկտար տարածքը վերածել են կենսունակ անտառի՝ ավելի քան 89,000 ծառերով՝ սոճի, թխկի, կաղնի, վայրի տանձենի և խնձորենի։ Այսօր այն ուժի, դիմակայունության և անանց սիրո կենդանի խորհրդանիշ է։
Սա միայն հիշողության պատմություն չէ։ Սա սիրո, ժառանգության և հողի հետ կապի մասին է։ Սոսե և Ալեն հիշատակի անտառն ապրող, աճող հույսի խորհրդանիշ է։