Տնկարաններ

«ՄԻՐԱՔ» ՏՆԿԱՐԱՆ

Միրաք ընտանիքի անտառվերականգնման տնկարանը գտնվում է Լոռու մարզի Մարգահովիտ գյուղում։ Այն ստեղծվել է Միրաք ընտանիքի աջակցությամբ՝ ի հիշատակ Ցեղասպանությունից փրկված և ԱՄՆ-ում հաստատված պարոն և տիկին Ջոն և Արտեմիս Միրաքների։

Տնկարանը Armenia Tree Project-ի անտառային ծրագրերի կարևոր հենասյուներից մեկն է։ Այստեղ են աճեցվում այն բարձրորակ տնկիները, որոնց շնորհիվ հնարավոր է լինում իրականացնել անտառվերականգնման և անտառստեղծման աշխատանքները Հայաստանի տարբեր մարզերում։

 Այս տնկարանում է կյանքի կոչվել սերմից մինչև անտառ գաղափարը։

Տնկարանը տարեկան ի վիճակի է արտադրել մինչև 1 միլիոն սածիլ։

Այստեղ աճեցվող հիմնական ծառատեսակներն են սոճին, կաղնին, թխկին, արոսենին, կեչին, վայրի տանձենին և վայրի խնձորենին։ ATP-ի  ստեղծված անտառների համար հիմք են հանդիսանում հենց այս ծառատեսակները։

Միևնույն ժամանակ տնկարանը կարևոր դեր ունի նաև համայնքի կյանքում։ Տեղացի բնակիչների համար այն ապահովում է մշտական աշխատանք և նպաստում գյուղի սոցիալ-տնտեսական զարգացմանը։

2003 թվականին կառուցված ժամանակակից ջերմոցը (1008 քմ) հնարավորություն տվեց անցնելու թաղարներոււմ բուսակների արտադրության, ինչը զգալիորեն բարձրացրեց ծառերի կպչողականությունն ու գոյատևման տոկոսը։

Փաստեր Միրաք տնկարանի մասին

  • Հիմնադրվել է 2007 թ.
  • Ունի 15 մշտական աշխատակից  
  • Տարեկան արտադրում է մինչև 1,000,000 բարձրորակ տնկի
  • Աճեցվող ծառատեսակներ՝ սոճի, կաղնի, թխկի, սարի շիվ, կեչի, վայրի տանձենի, վայրի խնձորենի
  • Ջերմոց (1008 քմ), որը ապահովում է կոնտեյներային սածիլների բարձր գոյատևում

«ԿԱՐԻՆ» ՏՆԿԱՐԱՆ

Անապատից ծաղկուն միջավայր ստանալու համար սկզբում կար ՈՉԻՆՉ

 

1996-ին տնկարանի տարածքը նման էր անապատի, որևէ բուսականություն չկար, ջուր չկար, գյուղում ապրուստի միջոց նույնպես չկար։

Գյուղը բնակեցված էր փախստականներով, որոնք պտղատու ծառեր նույնիսկ չունեին սեփական կարիքների համար։

 

Բայց կար որոշում՝ ստեղծել տնկարան, որը միաժամանակ կլուծեր 3 խնդիր․

 

  1. կանխել Հայաստանի անապատացումը,
  2. ստեղծել աշխատատեղեր տեղի բնակիչների համար,
  3. բազմացնել ՀՀ-ում և Արցախում աճող հիմնական ծառատեսակները։

ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

30 տարիների ընթացքում մեզ հաջողվեց տնկարանի տարածքում զարգացնել ջերմոցային 4 տնտեսությունները, որոնք հագեցած են նորագույն գյուղատնտեսական տեխնոլոգիաներով։ Դեկորատիվ և պտղատու տնկիների, թփերի, հայկական էնդեմիկ ծառատեսակների բազմացումը դարձավ տնկարանի հիմնական անելիքը։ Այստեղ աճեցված բույսերն են կյանք տալիս հանրային այգիներին, անտառներին ու համայնքային բակերին՝ ձևավորելով ավելի կանաչ և առողջ միջավայր։

 

«Կարին»-ում արդեն երրորդ սերունդ տեղաբնակ աշխատակիցներ են, որոնք հոգատարությամբ խնամում են իրենց իսկ ձեռքերով աճեցված բույսերը, ունեն կայուն եկամուտ և նպաստում են Հայաստանի բնապահպանական միջավայրի զարգացմանը։

 

ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

 

Բնապահպանական կրթության տարածման հիմքը նույնպես դրվել է այս տնկարանում։ Մայքլ և Վիրջինիա Օհանիանների անվան «Օհանիան» ուսումնական կենտրոնը մեր բնապահպանական կրթության ծրագրի առաջամարտիկն է, որը դարձել է ATP կրթական ծրագրերի այցեքարտը։ Ամեն տարի կենտրոնն ընդունում է ավելի քան 2,500 աշակերտի և ուսուցչի՝ խթանելով բնապահպանական գիտելիքների տարածումը և բնության հանդեպ պատասխանատու վերաբերմունքը։

ԿԱՆԱՉ ՏՈՒՐԻԶՄ

Կարին տնկարանը բաց է այցելուների համար մարտից հոկտեմբեր ամիսներին՝ ATP Green Tours ծրագրի շրջանակում։ Ամեն տարի այստեղ են գալիս հարյուրավոր հյուրեր աշխարհի տարբեր անկյուններից՝ բացահայտելու Հայաստանի բնության հարստությունն ու ծառատնկման մշակույթը։

«ԽԱՉՓԱՐ» ՏՆԿԱՐԱՆ

Արմատներ, որոնք վերածվում են ապագայի

1999 թվականին Արարատի մարզի Խաչփար գյուղում հիմնադրվեց «Armenia Tree Project»-ի երկրորդ տնկարանը՝ մի վայրում, որտեղ կաճեցվեին կենտրոնական Հայաստանի բնակլիմայական պայմաններին համապատասխան բուսատեսակներ։

Այսօր Խաչփարի տնկարանը ոչ միայն ծառերի աճեցման կենտրոն է, այլ նաև կայունության և վերականգնման խորհրդանիշ։ Տնկարանի աշխարհագրական դիրքը հնարավորություն է տալիս տնկիները արագ տեղափոխել տնկման վայրեր՝ ապահովելով ծառերի բարձր կենսունակություն և երկարաժամկետ արդյունք։

Տնկարանում բազմացվում են 70-80 տեսակի ծառաթփատեսակներ, որոնք տեղափոխվում են Հայաստանի տարբեր մարզեր՝ նպաստելով կանաչապատման և բնապահպանական ծրագրերի իրականացմանը։ Աճեցվում են նաև կարմիրգրքյան տեսակներ (խուրմա կովկասյան, գիհի կազակական, կենի հատապտղային և այլն):

Խաչփար տնկարանը, Կարին տնկարանի հետ միասին, կարևոր դեր ունի ATP-ի համայնքային ծառատնկման նախաձեռնություններում։

Փաստեր Խաչփարի տնկարանի մասին

  • Աշխատում է՝ 8 լրիվ դրույքով աշխատակից
  • Տարեկան արտադրում է՝ շուրջ 200,000 բարձրորակ դեկորատիվ ծառեր և թփեր

«ԲԵԹԻ» ՏՆԿԱՐԱՆ

Պտղատու այգիների ապագան՝ սիրո և նվիրումի մեջ

Վայոց ձորի մարզի Չիվա գյուղում «Բեթի» տնկարանը մասնագիտացած է բարձրորակ պտղատու ծառերի աճեցման գործում։ Այստեղ խնամքով աճեցվում են խնձորի, ծիրանի, կեռասի, սալորի, տանձի, սերկևիլի, խուրմայի, ընկուզենու, վայրի ծիրանի, նուշի և դեղձի բազմազան տեսակներ։

Տնկարանի հարավային տեղակայումը կարևոր առավելություն է․ այստեղ աճեցված ծառերը լավագույնս հարմարվում են հարավային Հայաստանի կլիմայական և բնապահպանական պայմաններին։ Տնկման վայրերին մոտ լինելը, բարձրությունների համապատասխանությունը և համադրելի կլիման միասին ապահովում են ծառերի բարձր կենսունակություն և երկարատև աճ։

ATP-ն տնկարանն անվանակոչել է «Բեթի»՝ ի պատիվ Էլիզաբեթ Բեդրոսյան Հովելի։ Նրա որդին՝ Մարկ Հովելը, մասնակցել է հուշատախտակի տեղադրմանը, որի վրա գրված է․
«Օժտված անսահման խելքով, տաղանդով և բարձրագույն մարդկային արժեհամակարգով՝ Բեթին իրենից առավել կարևորում էր իր ամուսնուն ու չորս որդիներին և իր բազմաթիվ ուսանողներին ու գործընկերներին։
Յուրաքանչյուր ծլած, խնամված ու հողի մեջ արմատ ձգող ծառով մենք շարունակական ենք դարձնում նրա անսահման առատաձեռնությունը՝ այն դարձնելով ապրող ժառանգություն։
Եվ այս այգին, այս շնչող տարածքը, սիրով նվիրում ենք նրա հիշատակին։

«Բեթի» տնկարանը պարզապես ծառերի աճեցման վայր չէ․ այն հիշողության, երախտագիտության և շարունակվող բարության կենդանի արտահայտումն է, որտեղ յուրաքանչյուր տնկի կրում է մի պատմություն և մի նոր սկիզբ։  

Scroll to Top